Խոհարարությունը Չինաստանում վաղ ժամանակներից համարվել է արվեստ, ուտեստների պատրաստմանը միշտ շատ լուրջ են վերաբերվել: Խոհարարների հանդեպ ավանդական պահանջների մեջ կան կետեր այն մասին, որ սնունդը պետք է լինի ոչ միայն համեղ , այլև օգտակար և նույնիսկ բուժիչ: Այստեղից էլ առաջ է եկել խոտաբույսերի տարածվածությունը չինական խոհանոցում, որոնք հաճախ ունեն բուժական հատկություններ: Հին չինական խոհանոցում մեծ ուշադրություն էր դարձվում Ին և Յան հասկացություններին: Բոլոր սննդամթերքներն ու ուտեստները բաժանված էին 2 խմբի՝ էներգիա հաղորդող և հանգստացնող: Օրինակ ՝ միսը Յան սննդամթերք է, ջուրը կրում է Ին-ի էներգիան: Առողջությունն ու երկարակեցությունը պահպանելու համար հարկավոր է ձեր սննդակարգը այնպես համադրել, որ Ինը և Յանը ներդաշնակ լինեն: